Ցուցարարներին լռեցնելու նոր փորձ․ Թբիլիսիի փողոցներում տեսախցիկներ են տեղադրվում

Թբիլիսիի փողոցներում տեսախցիկների ակտիվ տեղադրումը նպատակ ունի ճնշել ցուցարարներին, կանգնեցնել քաղաքում ամիսներ շարունակվող բողոքի ակցիաները։

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը էլեկտրոնային մրցույթով առանց աճուրդի գնել է 121 տեսահսկման տեսախցիկ, նաև հատուկ ծրագրային ապահովման լիցենզիա։ Պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին Delta Consulting ընկերության հետ։

Գործակալությունը 121 տեսախցիկի, 114 միացման կետի, էլեկտրամատակարարման և 96 ծրագրային ապահովման լիցենզիայի համար վճարել է 2 մլն 972 հազար 620 լարի: Քաղաքային իշխանությունը պնդում է, թե գործընթացը անվտանգության նկատառումներով է իրականացվում։

Փորձագետները, սակայն, վստահ են՝ Ռուսթավելի պողոտայում նոր տեսախցիկների տեղադրումն այլ նպատակ ունի. նրանց խոսքով դա հասարակությանը, խաղաղ ցուցարարներին վախեցնելու և ճնշելու ևս մեկ փորձ է:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշում է, որ տեսախցիկների տեղադրման գործընթացը շատ ակտիվ է ընթանում, դա ևս մեկ քայլ է դեպի չինական և ռուսական մոդելի բռնապետական համակարգ:

«Ավելանում են չինական արհեստական բանականություն ունեցող տեսախցիկներ ինչպես Ռուսթավելի պողոտայում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում. գործընթացն ակտիվ փուլում է: Վրաստանում ևս մեկ քայլ է գործի դրվել դեպի բռնապետություն»,-ընդգծում է Թումասյանը:

Թումասյանի խոսքով՝ այդ ամենը «թվային համակենտրոնացման ճամբար է», որն արդեն ստեղծվել է Չինաստանում, նման գործընթաց տեղի է ունենում նաև Ռուսաստանում: Ըստ Թումասյանի՝ նպատակն է հետևել բոլոր քաղաքացիներին:

«Վառ օրինակ է նաև իմ դեմ դատական գործը, որտեղ երևում է, որ այդ տեսախցիկների միջոցով ակտիվորեն հետևում են յուրաքանչյուր ակտիվ քաղաքացու. նույնիսկ պարզ է դառնում թե ու՞մ հետ են խոսում, ի՞նչ են խոսում, նաև հնարավոր է դառնում տեսնել քաղաքացիների հեռախոսում գտնվող տվյալների մի մասը, ինչը խիստ վտանգավոր մոտեցում է»,-հավելում է համայնքային հարթակի նախագահը:

Նա հավելում է նաև՝ «Չինաստանում գոյություն ունի սոցիալական գնահատման համակարգ, որով քաղաքացիներին տեսախցիկների միջոցով հետևում են, ապա գնահատում են նրանց քայլերը՝ վերահսկելով ողջ հանրությանը»։ Այս համատեքստում է Վրաստանում տեսախցիկների տեղադրումը դիտարկում Թումասյանը՝ կրկին ահազանգելով․ «Վրաստանը շարժվում է դեպի բռնապետություն»:

Նշենք, որ Civic Idea հասարակական կազմակերպության հրապարակած հետազոտության մեջ ասվում է, որ վրացական շուկայում չինական արտադրության հսկողության տեխնոլոգիաների մասնաբաժնի կտրուկ աճ է գրանցվել։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ չինական տեխնոլոգիաները զգալի վտանգ են ներկայացնում կիբերանվտանգության և տվյալների անվտանգության համար։ Ըստ նրանց՝ այդ տեխնոլոգիաները համարվում են ռիսկային ազգային անվտանգության համար։

Տեղեկության համաձայն՝ Վրաստանը 2019-2024 թվականներին չինական «հսկիչ տեխնոլոգիաների» գնման վրա ծախսել է ավելի քան 5 մլն լարի։ Այդ ժամանակահատվածում չինական արտադրության տեսախցիկների ամենամեծ գնորդը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է եղել։

2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից առաջ, հանձնաժողովը ձեռք է բերել 1 մլն 694 հազար 368 լարի արժողությամբ հսկողության տեսախցիկներ՝ արտադրված Xiamen Milesight Technology Co. Ltd չինական ընկերության կողմից: