Թրամփի գովաբանության համար են ինձ պատժում. Սաակաշվիլի

Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2011-12 թվականներին գովաբանել է իրեն և Վրաստանին, և հենց դրա պատճառով, որ Թրամփը գովաբանել է իրեն, Վրաստանում ոմանք փորձում են պատժել իրեն, իսկ մյուսները փորձում են «լռեցնել»։

Փետրվարի 20-ին, «Վիվամեդ» կլինիկայից հեռավար կարգով միանալով իր դատական ​​նիստին, նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի դեմոկրատական ​​ուժերի պայքարը «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «մաֆիոզ-հանցավոր ռեժիմի» դեմ «անշուշտ կպսակվի հաղթանակով»։ Այնուհետև Սաակաշվիլին խոսել է ԱՄՆ նախագահ Թրամփի մասին:

«Նա (Թրամփը — հեղ.) ասել է, որ Սաակաշվիլին իսկական նմուշ, օրինակ է ողջ աշխարհի համար, կոռուպցիայի դեմ աշխարհի թիվ մեկ պայքարողն է, Վրաստանի թիվ մեկ տնտեսական բարեփոխիչը», — ասել է Սաակաշվիլին՝ մեջբերելով Թրամփի խոսքերը:

Սաակաշվիլին, որ Ուկրաինայում իշխանության էր Վոլոդիմիր Զելենսկու նախագահության սկզբում, նաև ասել է. «Դոնալդ Թրամփը կատակեց. «Լավ է, որ Սաակաշվիլին չի կարող առաջադրվել ԱՄՆ-ում նախագահի պաշտոնում, հակառակ դեպքում ես մրցակից կունենայի»: «Իհարկե, դա կատակ էր, բայց դա ասել է Ամերիկայի նախագահը, որը չի փոխում իր հայացքները», — ասել է նա։

Փետրվարի 20-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի կողմից «պետական ​​սահմանն ապօրինի հատելու» գործը. սա այն գործերից մեկն է, որում նա մեղադրվում է։ Փետրվարի 20-ի նիստում դատախազությունը հանդես է եկել եզրափակիչ խոսքով։ Պաշտպանական կողմն իր դիրքորոշումը կամփոփի հաջորդ նիստին։