Ռուսթավելի պողոտայի վերանորոգումը՝ մայիսին

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վերանորոգումը հավանաբար կսկսվի 2025 թվականի մայիսին, կավարտվի մինչև ամառվա վերջ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, վերանորոգումից հետո Թբիլիսիի գլխավոր պողոտան «արմատապես կփոխվի», «շատ գեղեցիկ ու տպավորիչ կդառնա»։ Ռուսթավելիի ենթակառուցվածքային և ճանապարհային աշխատանքներից հետո նախատեսվում է նաև վերանորոգել մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերը։

Ռուսթավելի պողոտան վերականգնելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է 4 մրցույթ՝ ավելի քան 28,4 մլն լարի (10,1 մլն դոլար) ընդհանուր արժեքով։ Դրանցից երկուսը չկայացան մասնակիցների բացակայության պատճառով։ Ավելի վաղ Կալաձեն հայտնել էր, որ կրկին մրցույթներ կհայտարարվեն։

Հատկանշական է, որ Ռուսթավելի պողոտան այն վայրն է, որտեղ հիմնականում կայանում են եվրոպամետ բողոքի ցույցերը: