Մոսկվա-Թբիլիսի չվերթը տեխնիկական պատճառներով չեղարկվել է

Ռուսական Azimuth ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Թբիլիսի, վերադարձել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։ Սա այն ավիաընկերությունն է, որը, չնայած վրաստանյան բազմահազարանոց բողոքի ցույցերին՝ առաջինը չվերթներ սկսվեց ՌԴ-Վրաստան ուղղությամբ:

Ավիաընկերության կայքում հրապարակված հակիրճ հայտարարության համաձայն՝ ինքնաթիռը Մոսկվա է վերադարձել «տեխնիկական պատճառներով»։ Թե կոնկրետ ինչ խնդրի է բախվել ինքնաթիռը, չի նշվում։ Նշվում է, որ ուղևորներին Թբիլիսի կտեղափոխեն «պահեստային բորտով»։

Azimuth-ի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 05:00-ին։ Կայքում հրապարակված չվացուցակը ցույց է տալիս, որ հաջորդ անգամ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Azimuth-ի ինքնաթիռը կժամանի ժամը 14:20-ին:

Azimuth-ն առաջին ռուսական ավիաընկերությունն է, որը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան 2023 թվականի մայիսից՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումից հետո։

Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնումն արժանացավ Վրաստանում բողոքի ցույցերի և Ուկրաինայի ու արևմտյան երկրների քննադատությանը։

Բացի Թբիլիսիից, Azimuth-ը Ռուսաստանից թռիչքներ է իրականացնում դեպի Բաթումի և Քութայիսի:

Ուկրաինայում պատերազմի սկսվելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների արդյունքում ռուսական ավիաընկերություններն այլևս չեն կարողանում նոր պահեստամասեր գնել և իրենց ինքնաթիռներն ուղարկել արտերկիր՝ տեխնիկական զննման և սպասարկման համար։