
Սալոմե Զուրաբիշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է լատվիացի եվրախորհրդարանական Ռիհարդս Կոլսին։
Հանդիպումից հետո Կոլսը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել՝ նշելով Վրաստանին աջակցելու կարևորության մասին։
Նշանակալի է, որ Կոլսը Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ է անվանել։
«Հանդիպում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ. Վրաստանը կանգնած է խաչմերուկում, անհրաժեշտ են նոր ընտրություններ, ռեպրեսիաներն ուժեղանում են, իսկ ընդդիմությունը պետք է լինի միասնական։ Իրավիճակը վատթարացավ, երբ նրանք կորցրեցին ԱՄՆ աջակցությունը, ուստի Եվրամիությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ աջակցելու անկախ մեդիային, քաղաքացիական հասարակությանը, իհարկե, ժողովրդավարությանը», – գրել է Կոլսը X հարթակում։
Նրա խոսքով` քննարկել են նաև պատժամիջոցների հարցը․
«Նախագահը կրկնեց, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են, այդ թվում՝ այն դատավորների նկատմամբ, ովքեր կուրորեն կատարում են ռեժիմի հրահանգները։ Վրաստանի ապագան պետք է լինի եվրոպական։ Համագործակցության շարունակությունն անհրաժեշտություն է»։
Հիշեցնենք․ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների առաջնորդների հետ։ Բացի այդ, նա մասնակցել է Վրաստանի մասին պանելային քննարկմանը։ Համաժողովին մասնակցել է նաև նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան։
«Վրացական երազանք»-ը Մյունխենի անվտանգության համաժողովին հրավիրված չի եղել։