
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ X-ում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ ուրախ է Մյունխենում հանդիպել Վրաստանի լեգիտիմ նախագահի հետ։
Նա նաև նշել է՝ ոչ լեգիտիմ Իվանիշվիլին հոկտեմբերին կեղծեց ընտրությունները, այժմ Վրաստանը տանում է դեպի բռնապետություն։
«Ուրախ եմ, որ հանդիպել եմ իմ ընկերոջ՝ Վրաստանի լեգիտիմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին… Մեզ անհրաժեշտ են հրատապ պատժամիջոցներ վրաստանյան ռեժիմի դեմ։ Ազատ և արդար ընտրությունները միակ ճանապարհն են», — գրել է Ուիլսոնը:
Փետրվարի 8-ին Ուիլսոնը հրապարակել է վրացի դատավորների և դատախազների ցուցակը, որոնց նկատմամբ նա պատժամիջոցներ է պահանջում։
Ուիլսոնն այն ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների թվում է, ովքեր Սալոմե Զուրաբիշվիլիին են համարում Վրաստանի լեգիտիմ նախագահ և, հետևաբար, չեն ճանաչում 2024 թվականի հոկտեմբերի 26-ին ընտրված խորհրդարանի լեգիտիմությունը:
Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի է ունեցել փետրվարի 14-16-ը, որին մասնակցել են 60 պետությունների առաջնորդներ, 150 նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
«Վրացական երազանք»-ի կառավարությունը չի մասնակցել 2025 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովին։