Թբիլիսիում նշվեց սիրո բարեխոս Սուրբ Սարգիսի նախատոնակը

Փետրվարի 14-ին Թբիլիսիի հայ առաքելական եկեղեցիներում մեկնարկեց սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների տոնը:

Նախատոնակը սկիզբ առավ Սուրբ Էջմիածին եկեղեցուց: Հավատացյալները երթով շարժվեցին դեպի Սուրբ Սարգիս հինավուրց մատուռ. մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը ուղևորվեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ որտեղ երիտասարդներին բաժանվեց տոնի խորհրանիշ աղաբլիթները:

Նշենք, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում գիշերը երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողը կլինի կյանքի ընկերը:

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Եկեղեցում հավաքված երիտասարդներից ոմանք «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեցին՝ «Սուրբ Սարգիսի տոնը միայն սիրո մասին չէ, այլև հավատքի, ինքնաբացահայտման և հույսի. այս օրը մարդկանց մեջ հատուկ ջերմություն կա»:

«Այսօր կարծես բոլորը միախառնվում են մի ընդհանուր մթնոլորտի մեջ՝ լցված սպասումով ու դրական էներգիայով: Օրվա խորհրդանիշ աղաբլիթների ավանդույթն էլ ինքնին հետաքրքիր է և ավելի գեղեցիկ գույներ է հաղորդում տոնին»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է Լուսինե Խաչատուրյանը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վարդ Դանելյանը նշում է, որ այս տոնի մթնոլորտը տարբերվում է մյուս տոներից: Վարդի խոսով՝ Սուրբ Սարգիսի տոնին մարդիկ ավելի շատ են սկսում հավատալ հրաշքների.

«Հետաքրքիր է, որ Սուրբ Սարգիսի տոնը ևս, ինչպես քրիստոնեական շատ այլ տոներ՝ մարդկանց մեջ դրական էմոցիաներ ու զգացմունքներ են առաջացնում: Այս տոնը խորհրդավոր է, քանի որ այն միայն սիրո մասին չէ, այլև հավատքի, ինքնաբացահայտման ու հույսի…»: