Ապօրինի ձերբակալվածներ, «սահմանազատման» նոր դեպքեր. հանդիպում Էրգնեթիում

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանին սահմանակից Էրգնեթի գյուղում ընթանում է Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում գործող աշխատանքային խմբերի 123-րդ հանդիպումը։

Օրակարգային հիմնական թեմաները դարձյալ ապօրինի բերման ենթարկվածների ազատ արձակումն ու «սահմանի» կառուցման գործընթացի դադարեցումն է։

Հանդիպումից առաջ Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն լրագրողներին ասել է, որ Էրգնետիի նախորդ հանդիպումից սկսած՝ նոյեմբերի 19-ից մինչ օրս, անօրինական «սահմանազատման» 11 դեպք է գրանցվել. նոյեմբերին` մեկ, դեկտեմբերին` երեք, հունվարին` երկու, իսկ փետրվարին` հինգ:

Ըստ նտա՝ գործընթացը ընդգրկել է Գորիի և Քարելիի մունիցիպալիտետները. հիմնականում իրականացվել է Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մերձակայքը: Նրա խոսքով, ներկայում Ցխինվալիի բանտում անօրինական կերպով պահվող Վրաստանի 6 քաղաքացի կա։

Ժնևի միջազգային քննարկումների ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։ Նրա համանախագահներն են Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչները։ Քննարկումներին մասնակցում են Վրաստանի կառավարության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, օկուպացված Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանների ներկայացուցիչներ։ 2009 թվականին Ժնևի քննարկումների շրջանակներում որոշվեց ստեղծել Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմ (IPRM):