Ախալքալաքի երիտասարդները գնահատում են USAID-ի ծրագրերը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը:

Ծրագիրը ֆինանսավորել է բազմաթիվ ծրագրեր Վրաստանում, և ոչ միայն լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների համար: Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը 23 մլն դոլար է ներդրել Վրաստանի տնտեսության մեջ միայն ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական անվտանգության ծրագրի միջոցով՝ ներառյալ զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ստարտափները, վրացական գինու խթանումը, գյուղատնտեսական արտահանման ավելացումը, առցանց առևտուրը, թեթև արդյունաբերությունը և թափոնների վերամշակումը: Աջակցել են նաև մարզային դպրոցների և հիվանդանոցների, ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ծրագրերին:

English Access Microscholarship ծրագիրը ևս ֆինանսավորվում էր ԱՄՆ պետդեպարտամենտը: Ծրագրի շրջանակներում 14-17 տարեկան երիտասարդները 2 տարվա ընթացքում անգլերենի անվճար դասեր էին անցնում, ծրագրի նպատակը նրանց նաև ամերիկյան մշակույթին, սովորույթներին ծանոթացնելը և առաջնորդի հատկանիշները զարգացնելն է: Ծրագրում ընդգրկվում են տարբեր մունիցիպալիտետներից` Ախալքալաքից և Նինոծմինդայից 25 երիտասարդներ, ովքեր նախնական թեստավորման հիման վրա բաժանվում են 2 խմբի:

Ախալքալաքի Access-ի խմբի 2021-2022 թվականի շրջանավարտ Վեներա Մարգարյանը դրական է գնահատում ծրագիրը: Ասում է՝ ծրագրի միջոցով է սկսել կարևորել կապերը, շփումը այլ մարդկանց հետ, ինչն էլ հիմա օգնում է իրեն համալսարանում.

«Այս ծրագիրն մասնակցել եմ, երբ դեռ նմանատիպ որևէ փորձ չունեի, դա իմ լավագույն փորձառություն էր: Թե հանրության առաջ ելույթ ունենալու, թե թիմային աշխատելու և թե այլ շատ ու շատ կողմերով է զարգացրել ինձ: Իսկ հետո մասնակցեցի FLEX ծրագրին, մեկնեցի ԱՄՆ: Այսինքն այն ինչ սովորում էինք Access-ում, կարողացա տեսնել, հասկանալ իրական կյանքում, խոսքը վերաբերում է մշակույթին, արվեստին և այլն», — պատմում է Վեներան:

Անգլերեն սովորելու և հմտություններ զարգացնելու համար այդ ծրագիրը միակը չէր:

USAID-ի ֆինանսավորմամբ և Միավորված ազգերի կազմակերպության Վրաստանի ասոցիացիայի (UNAG) հետ համագործակցությամբ ամերիկյան PH International կազմակերպությունն իրականացնում էր 4-ամսյա B1 մակարդակի բիզնես անգլերենի դասընթաց 15-29 տարեկան երիտասարդների համար: Այն իրականացվում էր յուրաքանչյուր մունիցիպալիտետում՝ UNAG-ի հովանու ներքո ստեղծված երիտասարդական կենտրոնների հետ անմիջական համագործակցությամբ: Դասընթացի նպատակն էր զարգացնել ծրագրում ընդգրկված երիտասարդների լեզվական կարողությունները։ Ուսուցման այս մեթոդը համատեղում է ձեռնարկատիրական կրթությունը և գործարար անգլերենը՝ օգնելու երիտասարդ շահառուներին առաջադիմել իրենց կարիերայի կամ մասնավոր բիզնեսի զարգացման մեջ:

16-ամյա Սանասար Ռստակյանը Ախալքալաքից մասնակցում էր ծրագրին, նա ևս դրական է գնահատում ծրագիրը.

«Ծրագիրը ամենաստացվածներից է: Չէի սպասում, որ այդչափ կօգներ ինձ խոսել, շփվել անգլերենով: Կարողացա տեղեկություն ստանալ բիզնես աշխարհից, սովորել բիզնես տեխնոլոգիա անգլերենով: Հետաքրքրություն ունեի այս ոլորտի նկատմամբ, սակայն կուրսի միջոցով ավելի խորացավ»: