![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-12-165142.png)
Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ազատազրկված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները պահանջում են վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը, կարճել հարուցված քրեական գործը։
«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն և փաստաբան Մայա Մծարիաշվիլին Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն են համարում:
Քուրդովանիձեն նշել է՝ փետրվարի 13-ին, միջնորդություն կներկայացվի Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելու պահանջով։
«Դատախազությունը Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ հարուցել է անհիմն քրեական հետապնդում։ Նրա մեղադրանքն անօրինական է, խափանման միջոցը՝ ազատազրկումը, ապօրինի է կիրառվել։ Այս գործը համապատասխանում է բոլոր այն չափանիշներին, որոնք հաստատում են այս գործով քաղաքական հետապնդումը», — ասել է Քուրդովանիձեն։
Մծարիաշվիլիի խոսքով, Ամաղլոբելին քաղբանտարկյալ է, քանի որ նրա հետապնդումը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի N1900(2012) բանաձևով սահմանված չափանիշներին. Ամաղլոբելիի նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումն ու ազատազրկումը չունեն համապատասխան իրավական հիմքեր։
Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։
Ամաղլոբելին 32 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Փետրվարի 4-ին նա տեղափոխվել է «Վիվամեդ»՝ հետազոտության նպատակով։ Հետազոտությունների ավարտից հետո նա ցանկանում է վերադառնալ բանտ։