![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-12-103532.png)
Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում մարզադաշտ կկառուցվի: Այդ մասին պարզ է դառնում Մառնեուլիի քաղաքապետարանի գնումների գործակալության կայքում հայտարարված մրցույթից:
Մարզադաշտի կառուցման համար քաղաքապետարանը 180 հազար լարիի մրցույթ է հայտարարել: Հաղթող ճանաչվող ընկերությունը շինաշխատանքները պետք է ավարտի պայմանագրի կնքման օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում: Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը մարտի 4-ն է:
Ուշագրավ է, որ վերջին տարիներին Դամիայի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում էին խաղադաշտ չունենալու խնդիրը: Վերջին նմանատիպ դեպքը 2024-ին էր, երբ նրանք «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնահերթություն էին տվել նաև մարզադաշտի կառուցմանը:
Մառնեուլիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության պետ Բեքա Աբդելանին խոստացել էր, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կներկայացնի մարզադաշտի կառուցման նախագիծը, մինչև 2024-ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունն այն կառուցված կլինի:
Ընդգծենք. խոստումից հետո Դամիայի բնակիչները ստորագրահավաքով դիմել էին քաղաքապետարանին՝ մարզադաշտի կառուցման պահանջով: Ավելի ուշ քաղաքապետարանից ստացած պատասխան նամակում նշվել էր՝ 2024-ի բյուջեում Դամիայի մարզադաշտի կառուցում նախատեսված չէ: