«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Փետրվարի 11-13-ը նա մասնակցելու է Դուբայում կայանալիք Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի նպատակն է լուծումներ մշակել առաջիկա 10 տարիների ընթացքում համաշխարհային առաջընթաց ապահովելու համար։
Այս տարի գագաթնաժողովին կմասնակցեն մոտ 30 երկրների ղեկավարներ և առաջնորդներ, ավելի քան 80 միջազգային կազմակերպություններ և 140 երկրների կառավարական պատվիրակություններ։
Կոբախիձեի հետ Դուբայ են մեկնել արտաքին գործերի, էկոնոմիկայի, արդարադատության նախարարներն ու կառավարության վարչակազմի ղեկավարը։
Կոբախիձեի այցերը, արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին, վերջին ամիսներին եղել են բացառապես դեպի Ադրբեջան, ԱՄԷ, Ղազախստան և Հայաստան։