Լաշա Գաբիտաշվիլին (հունվարին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում էր տեղի ունեցել նրա և «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների՝ Իրակլի Զարքուայի, Վիկտոր Սանիկիձեի միջև) հայտարարել է, որ այսօր առավոտյան Թբիլիսիում երեք դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Գաբիտաշվիլին պատմել է, որ դիմակավորված անձինք հարձակվել են, երբ նա շան հետ զբոսնում էր տան մոտ, և ծեծել են իրեն։ Լաշա Գաբիտաշվիլիի դեմքին վնասվածքներ կան։
«Ոչ ոքի չեն կարող վախեցնել։ Ժամանակն է, որ նոր ընտրություններ նշանակվեն, և բանտում գտնվող մարդիկ ազատ արձակվեն», — հայտարարել է Գաբիտաշվիլին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և շտապ օգնության խումբը։
Լաշա Գաբիտաշվիլիի տեղեկատվությամբ, ինքը դիմել է ոստիկանություն և հետևելու է համապատասխան ընթացակարգին։
Հիշեցնենք, հունվարի 13-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում էր տեղի ունեցել Վրաստանի քաղաքացու և «Վրացական երազանք»-ի պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել էր «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Իրակլի Զարքուայի և Վիկտոր Սանիկիձեի նախաճաշի ժամին։