ՀԿ-ները կասկածում են, որ ակտիվիստների վրա «թմրանյութ է տեղադրվել»

«Վրաստանի եվրոպական ուղեծիր» քաղաքացիական հարթակը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը կասկած են հայտնում, որ ոստիկանությունը թմրանյութ է «գցել» եվրոպամետ հանրահավաքների երեք մասնակիցների՝ Գիորգի Ախոբաձեի, Նիկոլոզ Կացիայի, Անտոն Չեչինի վրա:

ՀԿ-ները դա հիմնավորում են կալանավորների գործերի ուսումնասիրությամբ: Ըստ նրանց.

  • Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ նոր հոգեներգործուն նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով:
  • Երեք գործերով էլ քննությունը հարուցվել է «գաղտնի աղբյուրի» տրամադրած «օպերատիվ տեղեկատվության» հիման վրա, որի հավաստիությունը չի ստուգվում:
  • Բոլոր երեք մեղադրյալների անձնական խուզարկությունը, նաև նրանց տները, ավտոմեքենաները և այլ ունեցվածքի խուզարկությունը կատարվել է ոչ թե դատարանի նախնական համաձայնությամբ, այլ «անհետաձգելի անհրաժեշտության» հիմքով»:
  • Բոլոր երեք դեպքերում ամբաստանյալներից թմրամիջոցների առգրավման փաստը հաստատում են միայն ոստիկանության ծառայողները և նրանց մերձավոր այլ անձինք, որոնք շահագրգռված են գործը հօգուտ մեղադրող կողմի լուծելու:
  • Բոլոր երեք մեղադրյալների խուզարկություններն իրականացվել են առանց վկաների ներկայության:
  • Դեպքերից ոչ մեկով չկա փորձագիտական ​​եզրակացություն, որը կհաստատի մեղադրյալների կողմից թմրամիջոց օգտագործելու փաստը։

2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանում եվրոպամետ բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ոստիկանությունը թմրանյութերի մեղադրանքով ձերբակալել է բողոքի չորս մասնակիցների:Չորսն էլ իրենց համարում են քաղբանտարկյալներ և կարծում են, որ թիրախ են դարձել իրենց հակակառավարական դիրքորոշման պատճառով: Չորսն էլ խուզարկության ու ձերբակալության մանրամասները պատմել են իրարից անկախ, բայց միանման: Նրանց սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։