Խանդո գյուղում կրկին արհեստական աղբավայր է գոյացել

Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում բնակիչները կրկին կանգնած են լուրջ խնդրի առաջ։ Կես տարի առաջ տեղական իշխանությունների կողմից փակվել էր գյուղի մեծ աղբավայրը, ինչը սկզբում դրական ազդեցություն ունեցավ գյուղի բնության և միջավայրի վրա։ Սակայն այս աշնանը անբարենպաստ եղանակային պայմանները հանգեցրին կարտոֆիլի մեծաքանակ բերքի վնասմանը, իսկ նոր լուծումներ չգտնելու պատճառով գյուղացիները ստիպված եղան կրկին օգտագործել նախկին աղբավայրը։ 

Խանդո գյուղի արհեստական աղբավայրը գործել է 2000-ականների սկզբից և երկար տարիներ ծառայել է որպես գյուղի հիմնական թափոնների տեղ։ Վերջին տարիներին գյուղացիները բողոքում էին դրա վնասակար ազդեցությունից, և տեղական իշխանությունների նախաձեռնությամբ փակվեց տարածքը։ Սակայն բերքի զգալի վնասման հետևանքով բնակիչներն այլընտրանք չունեն և ստիպված են իրենց վնասված կարտոֆիլը տեղափոխել հենց այդ նույն աղբավայրը։

«Մեզ համար սա իսկական խնդիր է։ Աղբավայրը փակելուց հետո մենք հույս ունեինք, որ այլ տարածքներ կտրամադրվեն մեր վնասված բերքը տեղափոխելու համար, բայց հիմա ստիպված ենք նորից օգտագործել այդ տարածքը, որովհետև այլ տեղ պարզապես չկա։ Մեր բերքի կեսից ավելին սառեց ու վնասվեց», – ասաց Խանդո գյուղի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ հավելեց.

«Երբ աղբավայրը փակեցին, կարծում էինք, որ այսպիսի խնդիրներ այլևս չեն լինի, բայց եղանակը մեզ խանգարեց, և հիմա ստիպված ենք վերադարձել նույն իրավիճակին։ Վնասված կարտոֆիլը մի տեղ պետք է տեղափոխենք, իսկ այլընտրանք չենք տեսնում։ Գոնե տարածք տրամադրեն, որ տեղափոխենք այնտեղ»։

Չնայած գյուղում տեղադրվել է շուրջ 17 աղբաման, դրանք չեն բավարարում կարտոֆիլի մեծաքանակ վնասված բերքը տեղափոխելու պահանջարկին։ Բնակիչները հույս են հայտնում, որ տեղական իշխանությունները և մունիցիպալիտետը շուտափույթ քայլեր կձեռնարկեն այս խնդիրը լուծելու համար՝ առաջարկելով նոր տարածքներ կամ այլընտրանքային լուծումներ, որոնք կօգնեն խուսափել նման իրավիճակներից ապագայում։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան