Հայտնի է ՄԱՇ-ի կառավարության գործունեությունը քննող հանձնաժողովի կազմը

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության կառավարության գործունեությունը հետաքննող քննչական հանձնաժողով ստեղծելուց հետո հրապարակվեց, թե ովքեր են լինելու դրա անդամները։ Խորհրդարանի կայքում արդեն տեղադրվել են քաղաքական խմբերի դիմումները։

Հանձնաժողովում կաշխատի ութ մարդ.

  • «Վրացական երազանք»-ից՝ Թեա Ծուլուկիանին, Թենգիզ Շարմանաշվիլին, Ալեքսանդրե Տաբատաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Պաատա Սալիան,
  • Ընդդիմության քվոտան կվերցնեն «Վրացական երազանք»-ից անջատված, բայց նրա արբանյակ և կեղծ ընդդիմություն հանդիսացող «Ժողովրդի ուժ»-ից Սոզար Սուբարին, Գուրամ Մաճարաշվիլին և «Եվրոպական սոցիալիստներ»-ից Իլիա Ինջիան։

Ի դեպ, այս վերջին երկու կուսակցությունները «Վրացական երազանք»-ը լքել են 2024 թվականի վիճելի խորհրդարանական ընտրություններից հետո. իրական ընդդիմադիր կուսակցությունները, հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և գործընկեր երկրները նույնպես հարցեր ունեն այս ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ։ Ցուցարարները զանգվածային հանրահավաքներով պահանջում են նոր ընտրություններ։

Ժամանակավոր քննչական հանձնաժողովը ստեղծվում է 3 ամիս ժամկետով, սակայն նրա լիազորությունների ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս։ Փետրվարի 5-ին հանձնաժողովի ստեղծմանն աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 չլեգիտիմացված ներկայացուցիչներ։

ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց:

2025 թվականի օգոստոսի 7-ին լրանում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մեկնարկի 17 տարին։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ն ավելի հաճախ է խոսում ՄԱՇ-ի կառավարության պատասխանատվության մասին։