Մզիա Ամաղլոբելիի հացադուլի 30-րդ օրն է

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին արդեն 30 օր հացադուլի մեջ է։

Նրա փաստաբաններից մեկը՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեն, հայտնել է, որ կալանավորված լրագրողը պահանջում է հետազոտություններ կատարելուց հետո իրեն վերադարձնել ՔԿՀ։

Նոնա Քուրդովանիձեն «Վիվամեդ» կլինիկա է այցելել այսօր՝ փետրվարի 10-ի առավոտյան։

«Նա շարունակում է լիարժեք հացադուլը և հիվանդանոցում է հետագա հետազոտությունների համար։ Սակայն նրա դիրքորոշումն անփոփոխ է, թեև, իհարկե, այս ամենի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի բժշկական հետազոտությունների արդյունքներով, և միայն նրա ցանկությունը բավական չէ։ Այս դեպքում որոշիչն, իհարկե, այն է, թե ինչպիսին կլինի բժշկական եզրակացությունը»,- ասել է փաստաբանը։

Նա նաև նշել է, որ այսօր անցկացված լրացուցիչ թեստերի արդյունքները կպարզեն՝ Մզիա Ամաղլոբելին կպահվի կլինիկայում, թե կվերադարձվի Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկ։

Մզիա Ամաղլոբելիին, որին 4-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում ոստիկանին ապտակելու համար, Վրաստանի և արտերկրի գործընկերները, իրավապաշտպան կազմակերպությունները և քաղաքական գործիչները համարում են քաղբանտարկյալ։

Հունվարի 11-ին նա սկզբում կալանավորվել է վարչական կարգով, հետո ազատ է արձակվել, իսկ մի քանի ժամվա ընթացքում՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է` այս անգամ քրեական կարգով, ինչը, ըստ փաստաբանների, անհամատեղելի է գործի հանգամանքների հետ և միայն քաղաքական դրդապատճառ է մատնանշում։ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվելուց հետո հացադուլի մեջ է և փետրվարի 4-ին՝ հացադուլի 24-րդ օրը, նրան տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։