Կղավելաշվիլին Թուրնավային Ազգային բանկի նախագահ է նշանակել  

«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը հարցականի տակ է, Ազգային բանկի (ԱԲ) նախագահ է նշանակել Նաթիա Թուրնավային: Թուրնավան 2023 թվականից ԱԲ-ի նախագահի պաշտոնակատար էր:

Համաձայն ընդհանուր կանոնների՝ Ազգային բանկի խորհուրդն առաջարկը ներկայացնում է երկրի նախագահին հաստատման։ ԱԲ-ից հայտնել են՝ Թուրնավային առաջադրելու որոշումը Ազգային բանկի խորհուրդը փետրվարի 7-ին կայացած նիստում ընդունել է միաձայն։

Թուրնավան 2023 թվականի հունիսից զբաղեցնում է Վրաստանի ԱԲ-ի առաջին փոխնախագահի և նախագահի պաշտոնակատարի պաշտոնները։ Նա 2022 թվականի հունիսից ԱԲ-ի խորհրդի անդամ է:

Մասնագիտությամբ տնտեսագետ Թուրնավան տարիների ընթացքում բարձր պաշտոններ է զբաղեցրել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը, իսկ մինչ այդ՝ առաջին փոխնախարարը։ Նա նաև եղել է Պետական ​​գործընկերության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը և «Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը։

Ի դեպ, 2023 թվականի սեպտեմբերին ԱԲ-ի երեք փոխնախագահներ և նախագահի խորհրդականը հրաժարական տվեցին։ Այս որոշմանը նախորդել էր բանկի նախագահի պաշտոնակատար Թուրնավայի որոշումը, որը չսահմանափակեց Վրաստանի քաղաքացիների մուտքը ֆինանսական միջոցներ՝ չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Թուրնավան այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառվել։