«Վրացական երազանք»-ը մարդու իրավունքների ճգնաժամ է ստեղծում. HRW

Հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի գործողությունները «ավտոկրատիայի կառուցման հենասյուն են»։

HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Ռեյչել Դենբերն «Ամերիկայի ձայն»-ին ասել է՝ «Վրացական երազանք»-ը փորձում է երկրում մարդու իրավունքների ճգնաժամ ստեղծել:

Ըստ նրա՝ կազմակերպությունը 2024 թվականի գարնանից արձանագրում է հատուկջոկատայինների կողմից ցուցարարների նկատմամբ բռնության դեպքեր, այդ թվում, ցույցին չմասնակցողների նկատմամբ` նույնպես

«Այդ հարձակումների բնույթից պարզ էր, որ դրանք համակարգված էին, և հեշտ էր նաև նկատել, որ նրանք իրենց կամքով չէին գործում, այլ ուրիշներից հրամաններ էին ընդունում», — ասել է Դենբերը:

Նա պնդել է՝ ոչինչ չի արդարացնում բռնության այդ տեսակը. «Դժվար է պատկերացնել, որ մնացած բոլոր օրենքներն ու կանոնակարգերը, որոնք մինչ այժմ ընդունվել են («Վրացական երազանք»-ի կողմից — հեղ.) ինքնաբուխ են եղել: Ինչպես ասացինք, ես համեմատություններ չեմ սիրում, բայց դա այն է, ինչ տեղի է ունենում այլ ավտոկրատ պետություններում, ինչ-որ բան սկսվում է, հետո հանգեցնում այլ նմանատիպ իրավիճակների»: