Վրաստանի Տղիբուլի քաղաքի Մինդելիի անվան հանքավայրից դուրս են բերվել մայիսի 9-ի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 4 հանքափորների դիակները: Interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ամբողջ գիշեր դեպքի վայրում փրկարար ջոկատները փրկարարա-որոնողական աշխատանքներ են իրականացրել:
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ կտրվել է բեռնատար վերելակի ճոպանը, որի հետևանքով վերելակը վայր է ընկել: Վերելակում այդ պահին գտնվել է 4 հանքափոր:
Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, որ մահացած հանքափորների ընտանիքները փոխհատուցում կստանան՝ ինչպես հանքարդյունաբերող ընկերության, այնպես էլ տեղական իշխանության կողմից:
Նախարարը նշել է, որ իրականացվում է մանրակրկիտ և բաց հետաքննություն, ըստ որի՝ կպատժվեն բոլոր մեղավորները: