«Ռուսթավի պողպատ»-ի աշխատակիցները գործադուլ են անում

Վրաստանի Ռուսթավի քաղաքում գտնվող «Ռուսթավի փոլադի» («Ռուսթավի պողպատ») ընկերության մոտ 300 աշխատակիցներ այսօր՝ փետրվարի 7-ի առավոտից, թողել են աշխատավայրն ու ի նշան բողոքի հավաքվել գործարանի գլխավոր գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում, բացի այդ հետ կանչել հունվարից աշխատանքից ազատված աշխատակիցներին։

Աշխատակից Գիգա Չիկքովանին, որ նաև քաղաքացիական ակտիվիստ է, Radiotavisupleba-ին ասել է՝ իրենք մեկ ամիս առաջ նախազգուշական նամակ են ուղարկել նոր վարչակազմին, իսկ մեկ շաբաթ առաջ կրկին հանդիպել են նրանց. «Մենք պահանջում ենք 500 լարիով աշխատավարձի բարձրացում»:

«Ռուսթավի փոլադի»-ի աշխատակիցներն ասում են, որ բողոքի ցույցը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Բողոքի ցույցի մասնակիցներն այսօր առավոտյան հանդիպել են վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար, սակայն ապարդյուն:

«Գործարանի նոր գլխավոր տնօրեն Իգոր Կորիտկոն նույնիսկ կապ չի հաստատում, մեզ հետ խոսում է միայն պաշտպանության և գործարանի անվտանգության ծառայության միջոցով։ Նրան ոչ ոք իր աչքով չի տեսել», — ասել է մեկ այլ աշխատակից՝ Գելա Գիգլեմիանին։

Իգոր Կորիտկոն գլխավոր տնօրեն է նշանակվել մեկ տարի առաջ։ Նախկինում նա եղել է Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական ընկերություններից մեկի՝ TMK-ի գլխավոր տնօրենը։

Պողպատի գործարանում աշխատում է մոտ 350 մարդ։ Աշխատակիցներն ասում են, որ միջին աշխատավարձը կազմում է մոտ 1300 լարի։

Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպել են Միացյալ արհմիությունների ներկայացուցիչները։ Արհմիության ներկայացուցիչ Գիորգի Տկղեմալաձեն ասել է, որ իրենց փաստաբաններն աշխատում են կանխարգելիչ միջոցների վրա՝ թույլ չտալու բողոքի ակցիայի մասնակիցներին աշխատանքից հեռացնել։ Նրա խոսքով, ձեռնարկության ղեկավարությունը դեռևս չի հանդիպել արհմիության ներկայացուցիչներին։

«Ռուսթավի փոլադի»-ն, ըստ գործարար ռեեստրի՝ պատկանում է Նիդեռլանդներում գրանցված «Տոլանիուս բիհիր Բի.Վի» ՍՊԸ-ին։ Այս ՍՊԸ-ն իր հերթին պատկանում է Hunnewell Partners-ին՝ «Վրացական երազանք»-ին աջակցող գործարար, իշխանական քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության տնօրեն Իրակլի Ռուխաձեին: