Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակից Նինի Գոգինաշվիլին լքել է պաշտոնը: ԿԻն ոստիկանն աշխատանքից հեռանալու մասին գրել է Facebook սոցիալական ցանցում:
ՆԳՆ արդեն նախկին ոստիկանը ուղղակիորեն գրում է, որ երբ պետության գործողությունները դուրս են գալիս բարոյականության ու օրենքի սահմաններից, պետք չէ շատ մտածել, թե որ կողմում կանգնել։ Ըստ նրա՝ պետությունը սկսել է օրենքներով պայքարել սեփական ժողովրդի դեմ, և նման իրավիճակում այլևս խոսք չկա մարդու իրավունքների պաշտպանության մասին։
Ծավալուն գրառման մեջ Գոգինաշվիլին խոսում է այն բոլոր անօրինությունների մասին, որ այսօր անում է ոստիկանությունը: Գոգինաշվիլին դիմում է ՆԳՆ աշխատակիցներին՝ հարցնելով, թե արդյոք նրանք արժանի են ստանալ այն աշխատավարձերը, որոնք ստանում են քաղաքացիների խոշտանգումների և արշավանքների համար։
Գոգինաշվիլին նշել է՝ կար ժամանակ, երբ հպարտանում էր համազգեստը կրելու համար, հիմա՝ հպարտանում է, որ այլևս համազգեստ չի կրում:
«Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հարցերի շուրջ իմ տեսակետը հրապարակայնորեն և հստակ արտահայտելուց, սկզբում աշխատանքս էր ստիպում, բայց ոչ ոք ինձ ուղղակիորեն չի ասել, որ իմ տեսակետը չհայտնեմ։ Բայց ես այլ պատասխանատվություն էի զգում, և այդ պատասխանատվությունը գալիս էր նաև համազգեստ հագնելուց…», — գրել է Գոգինաշվիլին:
Նշենք, որ «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին արած հայտարարությունից հետո, ըստ որի՝ 4 տարով օրակարգ չեն բերի եվրաինտեգրման բանակցությունների հարցը, վրաստանում եվրոպամետ ցույցեր են սկսվել, որոնք շարունակվում են ցայսօր: Ցույցերի առաջին օրերին, ինչպես նաև՝ հիմա, ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել: Այս ամիսների ընթացքում ՆԳՆ մի շարք աշխատակիցներ են լքել պաշտոնները: