ԵԽ-ում կքննարկեն վրաստանյան ներքաղաքական իրավիճակը

Փետրվարի 13-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանը կքվեարկի «Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման մասին» բանաձևի շուրջ։

Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է Եվրախորհրդարանի կայքում։ Քվեարկությունը կանցկացվի Թբիլիսիի ժամանակով ժամը 15:00-17:00-ը:

Վրաստանյան TV Pirveli հեռուստաընկերության ուղիղ եթերում Բրյուսելում գտնվող լրագրող Թամար Նուցուբիձեն ասել է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են՝ խստորեն պնդելու են պատասխանատվության ենթարկել Վրաստանում ստեղծված իրավիճակի մեղավորներին:

«Եվրախորհրդարանի պատգամավորները մեզ ասացին նաև, որ խիստ ուղերձներ կլինեն նաև ԵՄ գործադիր մարմիններին, որ ժամանակն է գործելու։ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ ասում են, որ նմանություններ են տեսնում Ռուսաստանում և Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների (Վրաստանում տեղի ունեցողի — հեղ.) միջև, և նրանք նախապես զգուշացնում են ԵՄ երկրներին և գործադիր մարմիններին, որ ավելի լավ է նախօրոք քայլեր ձեռնարկել, քան վերջում հանգել նրան, ինչ հիմա տեսնում ենք Ռուսաստանում», — ասել է Նուցուբիձեն։