Ադրբեջանցի լրագրող Սադիգովը շարունակում է հացադուլը. SJC

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպության տվյալներով, ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի վիճակը, փետրվարի 5-ին ծայրահեղ ծանրացել է, մի քանի ժամ անգիտակից վիճակում է եղել։ Սադիգովը Թբիլիսիում արտահանձնման կալանքի տակ է գտնվում:

«Մեղադրյալների և դատապարտյալների թիվ 18 բուժհաստատության բժիշկների միջամտությամբ նա դուրս է բերվել ճգնաժամային վիճակից, այս փուլում վիճակը կայուն է: Փետրվարի 6-ին ընտանիքի խնդրանքով և փաստաբանների առաջարկությամբ Աֆգան Սադիգովը համաձայնել է ջուր ստանալ, թեև շարունակում է լիակատար հացադուլը», — ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Սադիգովն արդեն 142 օր է, ինչ հացադուլ է անում Մեղադրյալների և դատապարտյալների թիվ 18 բուժհաստատությունում: Ըստ «Սոցիալական արդարության կենտրոնի», նրա քաշը ներկայումս կազմում է 56 կիլոգրամ. նիհարելով ավելի քան 40 կիլոգրամով։

Սադիգովը հացադուլի 137-րդը դադարեցրել է ջուր և դեղորայք ստանալը. չոր հացադուլ է սկսել:

Հիշեցնենք, որ Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սադիգովը հետախուզվում էր Ադրբեջանի կողմից սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար։ Ընտանիքը ձերբակալությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքական հետապնդումների հետ։