![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250207_133032_Messenger.jpg)
«Լելո» կուսակցության անդամ Վեփխիա Կասրաձեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։
Այս մասին Netgazeti-ին հայտնել է Կասրաձեի փաստաբան Կախա Կոժորիձեն։
Նրա տեղեկությամբ՝ Վեփխիա Կասրաձեն փետրվարի 3-ին` երկուշաբթի օրը, քթի վիրահատություն է տարել, նույն օրը վերադարձվել է խուց։ Վիրահատության հետևանքով նրա վիճակը բարդացել է, անհրաժեշտություն է առաջացել տեղափոխել հիվանդանոց։
Մինչ այդ, փաստաբան Էլգուջա Ավսաջանիձեն գրել էր, որ այսօր՝ ժամը 11:15-ին բանտից հայտնել են, որ Կասրաձեի վիճակը շատ ծանր է, սակայն նրան չեն տեղափոխում հիվանդանոց։
Netgazeti-ի փոխանցմամբ` մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները պատրաստվում են այցելել Կասրաձեին «Վիվամեդ» կլինիկայում։
Նշենք. եվրոպամետ ցույցերի մասնակից Վեփխիա Կասրաձեն ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է խմբակային գործողությունների կազմակերպում կամ ղեկավարում։ Նրան սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
Դեկտեմբերի 6-ին դատարանը որպես խափանման միջոց նրա համար ընտրել է կալանքը։ Նույն հոդվածով կալանավորվել են ևս երկու անձ՝ «Լելո» կուսակցության անդամ Վասիլ Կաձելաշվիլին և 19-ամյա Զվիադ Ցեցխլաձեն։