![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/EM-handep-joxovrdi-tramadrvawityun.png)
Վրաստանի հանրության համար եվրանդամակցությունն ակտուալ է դեռ 90-ականներից, սակայն վերջին տասը տարիներին հարցով քննարկումներն առավել հաճախակիացել են` Վրաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումների ֆոնին։ Օգտագործելով ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հետազոտությունները՝ կարելի է հետևել, թե ինչպես է տարեցտարի փոխվել վրաց հասարակության վերաբերմունքը ԵՄ-ի հարցում։
2015 թվականին Վրաստանի բնակչության մոտ 61 տոկոսը կողմ էր ԵՄ անդամակցությանը։ Ժամանակաշրջանը նշանավորվեց 2014 թվականին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ առաջացած լավատեսությամբ, որը շատերը համարեցին քայլ դեպի մոդերնիզացում և տնտեսական նոր հնարավորություններ: Այնուամենայնիվ, ԵՄ ինտեգրման վերաբերյալ մտահոգություններ առաջացան հատկապես գյուղական բնակչության մոտ․ վախենում էին, որ եվրոպական չափանիշներին համապատասխանելը կարող է բացասաբար ազդել ավանդական արդյունաբերության վրա կամ կմեծացնի մշակութային օտարացումը:
2016-ին ԵՄ-ի հարցում աջակցությունը կայուն էր, կազմում էր շուրջ 60 տոկոս։ Այդ տարին Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական բևեռացումը և գործազրկության խնդիրները հետին պլան մղեցին ԵՄ-ի հետ կապված քննարկումները, թեև եվրոպամետ հռետորաբանությունն առանցքային էր նախընտրական քարոզարշավի նարատիվներում:
2017-ին ԵՄ-ին անդամակցելու հանրային հավանությունը փոքր-ինչ բարձրացավ՝ հասնելով 64 տոկոսի, դրան նպաստեց նաև Վրաստանը Շենգենյան գոտում ներառելու փաստը:
2018-ին եվրանդամակցության աջակցությունը կազմում էր մոտ 65 տոկոս՝ չնայած տարածաշրջանում Ռուսաստանի աճող ազդեցությունն ավելի էր խորացնում եվրաատլանտյան ինտեգրման հնարավոր հետևանքների վերաբերյալ մտավախությունները:
Այդ ժամանակաշրջանում շատ էին բանավեճերը եվրոպական արժեքների, ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ:
2020-ին COVID-19 համաճարակն ազդեց ԵՄ-ին միանալու կողմնակիցների թվի վրա․ այդ ցուցանիշը նվացեց՝ հասնելով 63 տոկոսի, քանի որ առաջին պլան էին մղվել առողջապահական և տնտեսական անվտանգության խնդիրները:
2021-ին, չնայած համաճարակի դեմ շարունակվող պայքարին, ԵՄ-ին միանալու աջակիցների թիվը բարձրացավ՝ հասնելով 67 տոկոսի։ Սա պայմանավորված էր տնտեսության վերականգնման և պատվաստանյութերի բաշխման հարցում Եվրամիության աջակցությամբ:
2022-ի փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Պատերազմը մեծ ազդեցություն ունեցավ տարածաշրջանում եվրոպական հարցով առկա դինամիկայի վրա։ Վրաստանի՝ ԵՄ-ին միանալու աջակիցների թիվը աննախադեպ էր՝ 75 տոկոս: Նույն թվականին Վրաստանը դիմեց ԵՄ-ի թեկանծուի կարգավիճակ ստանալու համար, ի պատասխան Եվրահանձնաժողովը սահմանեց 12 նախապայման։
Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայից մեկ տարի անց եվրանդամակցությունը կրկին ակտուալ էր՝ 72 տոկոս: 2023-ի հունիսին Վրաստանն ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակ չստացավ, ինչը հասարակության շրջանում հիասթափություն առաջացրեց։
Ամիսներ անց՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ։
Հիշեցնենք՝ Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին նախատեսված է երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության 78-րդ հոդվածով։
2024-ի նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը Թբիլիսիի օրակարգում չի լինի ԵՄ անդամագրումը։ Այդ հայտարարությունից հետո արդեն շուրջ 70 օր է Վրաստանը բողոքում է․ եվրոպամետ ցույցերը մայրաքաղաքում ու Վրաստանի տարբեր քաղաքներում են, հենց դա էլ հասարակության տրամադրվածության ճշգրիտ ցուցիչն է։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան