«Վրացական երազանք»-ի նոր օրենքը նպատակ ունի սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը՝ գրաքննություն կիրառելով։ Օրենքի մասին ճեպազրույցում հայտարարել է միակուսակցական խորհրդարանի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն։
Փորձագետները կարծում են, որ բոլոր այն օրենքները, որոնք վերջերս հայտարարվել և ընդունվել են՝ նպատակ ունեն սահմանափակելու ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքացիական ինստիտուտների ազատությունները, որպեսզի նրանց ձայնն այլևս լսելի չլինի: Ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հայտարարած լրատվամիջոցներին վերաբերվող նոր օրենքը «գործակալների օրենք»-ի նման է. այս դեպքում՝ քաղհասարակության փոխարեն թիրախավորված է անկախ մեդիան:
Մամուկա Մդինարաձեի խոսքով լրատվամիջոցներին վերաբերվող նոր օրենքը «կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության և լրագրողական էթիկայի չափանիշները, դրանց մոնիտորինգի և պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմները»: Նաև նշել է՝ «կսահմանափակվի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը»:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան ասաց, որ Եվրատլանտյան ինտեգրացիայից հրաժարվելուց և Սահմանադրությունը մերժելուց հետո «Վրացական երազանք»-ը շարժվում է դեպի լիակատար մեկուսացում և բռնակալություն։
«Նոր օրենքները սահմանափակում են ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ քաղաքացիական ինստիտուտների ազատությունները, որպեսզի նրանց ձայնն այլևս լսելի չլինի: Ոչ մի ադեկվատ մարդ այլևս չի հավատում, որ այս իշխանությունը գնում է դեպի Եվրոպա»,- ընդգծում է Գեգելիան:
Քաղաքագետի խոսքով․ «Այնպես, ինչպես վարվում է «Վրացական երազանք»-ը լրատվամիջոցների ներկայացուցիչների (ասում է՝ վառ օրինակը Մզիա Ամաղլոբելին է), քաղբանտարկյալների ու հակառակորդների հետ, բռնապետություն տանող ուղին է։ Եվրոպայում նմանատիպ պետություն չկա։ Եվրոպական միության «հզոր գաղափարը» այն է, որ յուրաքանչյուրի բոլոր արժեքներն ու իրավունքները լիովին պաշտպանված են»:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու փորձագետները կարծում են, որ «Վրացական երազանք»-ը անցել է անկախ լրատվամիջոցների վերացմանը։ Ասում են՝ իշխանությունը ցանկանում է ուղղակիորեն միջամտել մեդիա արտադրանքի բովանդակությանը, ինչն անընդունելի է։ Մեդիա փորձագետների կարծիքով՝ ռեժիմը չի ցանկանում, որ լրագրողները լուսաբանեն մարդու իրավունքների խախտումները և այլ անօրինական դեպքերը։
Formula հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի «Մեդիապաշտպանության կոալիցիա»-ի ղեկավար Մամուկա Անդուղաձեն ընդգծել է, որ «Վրացական երազանք»-ի քայլերը միտված են ճնշելու այն հաստատությունների աշխատանքը, որոնք ծառայում են հանրության իրազեկմանը.
««Վրացական երազանք»-ի ընդունած օրենքը ճնշելու է հանրության իրազեկմանը ծառայող հաստատությունների գործունեությունը, անտեսելու է քաղաքացու խնդիրը»,-ասում է Անդուղաձեն:
Ըստ Կոալիցիայի ղեկավարի՝ այս ամենի նպատակը գրաքննությունն է.
««Վրացական երազանք»-ը ոչ մի կերպ հաշվետու չէ հանրությանը, թե ինչպես է կառավարում բյուջեն, որքանով է պաշտպանում օրենքը, ինչ է կատարվում դատարանում և այլն. այսպիսի պետություններն իրականում ինքնավար պետություններ են»:
«Դիկտատուրային ենթակառուցվածքի ստեղծման փորձ է՝ մեկ կուսակցություն․ մեկ հեռուստաընկերություն, որը կհեռարձակի միայն մեկ տեսակետ. հասարակություն, որը կենթարկվի իրեն՝ մշտապես լինելով ռեպրեսիայի ու վախի մեջ»,-Formula հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է MediaVoice կենտրոնի ղեկավար Մարիամ Գերսամիան:
«Վրացական երազանք»-ը մեդիայի գործունեությունը սահմանափակող օրենք կընդունի