![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/2564984.jpg)
Վրաստանի «Հանրային ծառայության բյուրո»-ի լուծարումը ևս մեկ ռեպրեսիվ քայլ է՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող իրադարձությունները և պետական ծառայողների բողոքները, նման գնահատական են տվել քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՀԿ):
ՀԿ-ները մտահոգություն են հայտնել ոչ լեգիտիմ կառավարության որոշման առնչությամբ՝ գրելով, որ «Վրացական երազանք»-ը ոչ միայն փակել է իր դռները հանրության առջև և քայլեր է ձեռնարկել առանց որևէ ռացիոնալ վերլուծության, այլև չի տեղեկացրել այդ որոշման մասին կոնկրետ գործողություններից անմիջականորեն տուժած գերատեսչություններին։
ՀԿ-ները համերաշխություն են հայտնում բոլոր պետական ծառայողներին, որոնք «Վրացական երազանք»-ի կողմից հետապնդումների զոհ են դարձել իրենց հակադիր կարծիքների պատճառով։
«Նման դեպքերը անկախ և անաչառ պետական պաշտոնյաների դեմ ուղղված բռնաճնշումների շարունակությունն են, որն արդեն իսկ ազդել է նրանց վրա թե՛ անհատապես, թե՛ ինստիտուցիոնալ առումով և ավելի է հեռացրել երկիրը ժողովրդավարական գործընթացներից և հանրային կառավարման չափանիշներից», — ասված է ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։
Վրաստանի «Հանրային ծառայության բյուրոն» ապրիլի 1-ից կվերացվի: «Վրացական երազանք»-ի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, «որոշումը կայացրել է Վրաստանի կառավարությունը՝ կառավարումը ռացիոնալացնելու և ծախսերն օպտիմալացնելու նպատակով»։
2022 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդարանը փոփոխություն կատարեց «Հանրային հիմնարկներում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում և ստեղծեց հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Հակակոռուպցիոն բյուրո։ Բյուրոյի ղեկավարին նշանակել է վարչապետը։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ բյուրոյի ղեկավարի նշանակումն ու ազատումը մեծապես վարչապետի իրավասությունն է, ինչը խնդրահարույց է։