![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/08/Screenshot-2024-08-15-100445.png)
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում ստեղծվել է նախկին իշխանության՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության կառավարության գործունեությունը հետաքննող հանձնաժողով: Հանձնաժողովի անվանումն է՝ «Վրաստանի խորհրդարանի 2003-2012 թվականներին ռեժիմի և վարչակարգի քաղաքական պաշտոնյաների գործունեությունը հետաքննող ժամանակավոր քննչական հանձնաժողով»։
Ժամանակավոր քննչական հանձնաժողովը ստեղծվում է 3 ամիս ժամկետով, սակայն նրա լիազորությունների ժամկետը կարող է երկարացվել մինչև 6 ամիս։ Հանձնաժողովի ստեղծմանն աջակցել են «Վրացական երազանք»-ի 83 ներկայացուցիչներ։
Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը եռօրյա ժամկետում սահմանում է ժամանակավոր քննչական հանձնաժողովի անդամների թիվը և համամասնական ընտրակարգի քվոտաները։
Ըստ կանոնակարգի՝ քննչական հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունը թվային առումով չպետք է գերազանցի ընդդիմությանը։ «Վրացական երազանք»-ի արբանյակ հանդիսացող «Ժողովրդի ուժ» հակաարևմտյան կուսակցությունը, որը որպես կեղծ ընդդիմություն է հանդես գալիս, նախատեսում է անդամակցել հանձնաժողովին որպես ընդդիմադիր կուսակցություն։ Հավանական է, որ հանձնաժողովի աշխատանքներին կներգրավվի նաև մեկ այլ քաղաքական խումբ, որը ձևավորվել է «Եվրոպական սոցիալիստների» հիման վրա և պառակտվել «Վրացական երազանք»-ից փետրվարի 5-ին. նրանք ևս կեղծ ընդդիմություն են:
ՄԱՇ-ի գործունեության արգելումն ու կուսակցության համար «խիստ քաղաքական ու իրավական վճիռ» կայացնելը «Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումն էր, որի համար կուսակցությունը մտադիր էր խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, ինչը չհաջողվեց: