Ընդդիմության պատգամավորական մանդատները դադարեցվեցին

Վրաստանի միակուսակցական չլեգիտիմացված խորհրդարանը կողմ է քվեարկել 49 ընդդիմադիր պատգամավորների մանդատի վաղաժամկետ դադարեցմանը:

Դահլիճում ներկա գտնվող «Վրացական երազանք»-ի և նրանց արբանյակ հանդիսացող «Ժողովրդի ուժ» հակաարևմտյան կուսակցության ներկայացուցիչների որոշումն ընդունվել է ծափահարություններով։

49 պատգամավորից 19-ը «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի, 16-ը՝ «Միասնություն — Ազգային շարժում», 14-ը՝ «Ուժեղ Վրաստան»-ի ներկայացուցիչներ են։ Նրանք իրենք են խնդրել իրենց լիազորությունները դադարեցնել։

Հիշյալ ընդդիմադիր խմբերը կեղծված են համարում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքների համաձայն, «Վրացական երազանք»-ը պահպանել է մեծամասնությունը՝ ստանալով 89 մանդատ:

Ընդդիմությունը 11-րդ խորհրդարանը հայտարարել է ոչ լեգիտիմ, հրաժարվել է օրենսդիր մարմնում աշխատել, պահանջում է նոր ընտրություններ։

Ընդդիմադիր երեք միավորումների ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին հայտարարություններ են գրել պատգամավորի մանդատի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Վրաստանի համար»-ը, որը, ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, ստացել է 12 մանդատ 150 հոգանոց խորհրդարանում, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին ընտրված խորհրդարանը ևս համարում է ոչ լեգիտիմ և պահանջում է նոր ընտրություններ։ Կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, թեև մանդատը վաղաժամկետ դադարեցնելու դիմումներ չեն ներկայացրել։

2024 թվականի նոյեմբերից Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով։