Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ «Գիշերային գայլեր» խմբի որոշ բայքերներ կարողացել են մուտք գործել Վրաստան, քանի որ ակումբը հիշեցնող որևէ նշան չեն կրել:
«Մայիսի սկզբից մինչ օրս «Գիշերային գայլերի» ավելի քան 100 մոտոցիկլիստներ իրավունք չեն ստացել մուտք գործել Վրաստան»,- նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ը:
ՆԳՆ-ը անդրադարձել է խնդրին, երբ մայիսի 9-ի առավոտյան պարզ դարձավ, որ Թբիլիսիում են մոտոակումբի որոշ անդամներ։ Վերջիններս ի դեպ այցելել են Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին։
Գերատեսչությունից պնդում են, որ Վրաստանի սահմանային անցակետերում ոստիկանությունը երկիր մուտք գործելու թույլատվություն չի տվել «Գիշերային գայլեր» ակումբի ներկայացուցիչներին։ «Որոշ բայքերներ, սակայն, կարողացել են մուտք գործել Վրաստան առանց տարբերանշանների»: