Վարորդական իրավունքի քննական հարցաշարը կրճատվել է

Վրաստանում վարորդական իրավունքի քննության տեսական մասի հարցերի թիվը նվազել է. նախկինում եղած 1083 հարցի փոխարեն այժմ 921 հարց է: 

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալությունից «Ալիք Մեդիա Վրաստան»-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ տեսական քննություն հանձնողները միայն այդ 921 հարցի շուրջ կարող են պատրաստվել. նշեցին՝ դեռ փոփոխություններ են ընթանում:

Վերջին շրջանում համացանցի տարբեր օգտատերեր գրում էին, որ հարցերում փոփոխություն է նկատվում, հանվել է 162 հարց: Սպասարկման գործակալության պաշտոնական կայք-էջում հարցերի բաժնում ևս հանդիպեցինք 921 հարցի (լուսանկարում նշված է դեղինով):

Սպասարկման գործակալությունից չհստակեցրին՝ ինչ թեմատիկայով հարցեր են հանվել:

«Էմսի դրայվ» ավտոդպրոցը, սակայն, առանձնացրել և ներկայացրել է հանված 162 հարցերը, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նշենք նաև, որ տեսական քննության ժամանակ վարորդի թեկնածուները 30 րոպեում պետք է 30 հարցից ճիշտ պատասխանեն 27 և ավելի հարցին:

Ի դեպ, 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձել է երկփուլ։ Վարորդական իրավունքի քննություն հանձնողները՝ տեսական քննության հաղթահարումից հետո, բացի փակ հրապարակում գործնական քննություն անցնելուց, պետք է գործնական քննություն հանձնեն նաև իրական երթևեկությամբ (փողոցում):