Վրաստանի Հանրային պաշտպանին առընթեր գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամները լքում են խորհուրդը։ Նրանց խոսքով՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ազդել է խորհրդի գործունեության վրա։
Հայտարարության համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում էթնիկ փոքրամասնությունների կարիքների լուծմանն ուղղված խորհրդի աշխատանքները կանգ են առել:
«Հանրային պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհուրդը, որը համակարգում է Հանդուրժողականության կենտրոնը, տարիներ շարունակ կարևոր հարթակ է եղել քաղաքացիական ինտեգրման հարցերի քննարկման և ազգային փոքրամասնությունների կարիքների վրա աշխատելու համար, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդի գործունեությունը կանգ է առել:
Երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակն ուղղակիորեն ազդել է վերոնշյալ խորհրդի գործունեության վրա, որը չի կարողանում կատարել իր պարտականությունները։ Վերջին տասը ամիսների ընթացքում ոչ մի աշխատանքային հանդիպում չի կայացել՝ չնայած Խորհրդի տարբեր անդամների բազմաթիվ խնդրանքներին։
Այդպես կոչված Թափանցիկության մասին («ռուսական օրենք») օրենքի դեմ Խորհրդի հայտարարությանը հաջորդեց Խորհրդի գործունեությանը բացահայտ միջամտությունը Խորհրդի համակարգող Կոբա Չոփալիանիի կողմից, ով իր անունից վիրավորական և զրպարտչական հայտարարություն արեց հայտարարությունը ստորագրողների դեմ»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Խորհրդի համակարգողները հետապնդում և չեն ընդունում քննադատական և տարակարծիք կարծիքները.
«Նրանք անձամբ որոշում են, թե խորհրդի որ անդամին հրավիրեն կոնկրետ հանդիպման կամ միջոցառման, որն ուղղակիորեն հակասում է Խորհրդի սկզբունքներին և ազգային փոքրամասնությունների շահերին: Խորհրդում ընդգրկված կազմակերպություններն ու անհատները, որոնք ներկայացնում են երկրի տարբեր էթնիկ փոքրամասնությունները, համատեղ որոշում են կայացրել՝ մի կողմից լքել անգործունակ խորհուրդը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր՝ էթնիկ բազմազանության խորհուրդ»։