Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը «Վրացական երազանքի» կառավարությունից պահանջում է ազատ արձակել Batumelebi-ի և Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։ Այս մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ես կուզենայի արձագանքել վրաց հանրությանը քաջածանոթ մի դեպքի. Ես խոսում եմ լրագրող Մզիա Ամաղլոբելիի մասին: Նա բանտարկված է, հացադուլի մեջ է, և մենք՝ անձամբ ես և Վեհաժողովը, Վրաստանի կառավարությունից պահանջում ենք ազատ արձակել նրան, որովհետև դա անարդար է», — ասել է Թեոդորոս Ռուսոպուլոսը:
Նա նշել է, որ այն, ինչ հիմա նրա հետ կատարվում է բանտում, շատ մոտ է խոշտանգումների:
Ամաղլոբելին արդեն 20-րդ օրն է, ինչ հացադուլ է անում՝ հրաժարվելով դադարեցնել այն: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերները հայտարարել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին պահանջում են նրան ազատ արձակել։
Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։