Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումիում է Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նախկինում տեղեկություններ էին շրջում, որ Կիրիենկոն նշանակվել է ՌԴ կառավարությունում աբխազական ուղղության կուրատոր։
Կիրիենկոն արդեն հանդիպել է դե ֆակտո հանրապետության «նախագահի» պաշտոնակատար Վալերի Բգանբայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Աբխազիայում ՌԴ «դեսպան» Միխայիլ Շուրգալինը։
«Բգանբան և Կիրիենկոն քննարկել են հետագա փոխգործակցության և ռուս-աբխազական գործընկերության հարցերը, ինչպես նաև փոխանակվել են հուշանվերներով», — ասվում է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Օկուպացված Աբխազիայի նախագահի «ընտրությունները» նշանակված են փետրվարի 15-ին. վերլուծաբանները Մոսկվայի ֆավորիտ են համարում Բարդա Գուբնային։
Կիրիենկոն ծնվել է 1962 թվականին Սոխումիում։ Բորիս Ելցինի նախագահության տարիներին 1998 թվականի ապրիլի 24-ից օգոստոսի 24-ը եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահը։ 2005-2016 թվականներին նա զբաղեցրել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 5-ից՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։