Բոճորիշվիլին փոխել է «Դիվանագիտական ​​ծառայության մասին» օրենքը

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին փոխել է դիվանագիտական ​​ծառայության անցնելու կանոնները։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան կազմակերպության գնահատամամբ՝ փոփոխությունները հակասում են Սահմանադրական դատարանի որոշումներին՝ ծառայությունն ամբողջությամբ ստորադասելով կուսակցական շահերին։

Բոճորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության անցկացման կանոններում փոփոխությունները կարարել է 2025 թվականի հունվարի 27-ին։ Այս օրենքն իր նախկին տեսքով գոյություն ուներ 2019 թվականին ընդունված հրամանի հիման վրա։

Թեև փոփոխությունը՝ «Թիվ 01-74 հրամանը», մտցվել է հունվարի 27-ին, «Օրենսդրական տեղեկագրում» փաստաթղթի հենց սկզբում սխալ է նշում այս ամսաթիվը. թվագրվում է «2025 թվականի նոյեմբերի 27»։

Քանի որ այս ամսաթիվը դեռ չի եկել, GYLA-ն կարծում է՝ այս դետալը «իրավական թյուրիմացություն է ստեղծում»։

 

Դիվանագիտական ​​պաշտոններում նշանակումները հնարավոր են դարձել վարչական համաձայնագրերի միջոցով։ Փոփոխության ուժով՝ վարչական պայմանագրով կնշանակվեն.

  • նախարարության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն,
  • բաժնի տնօրեն,
  • վարչության փոխտնօրեն,
  • նախարարի քարտուղարության պետ:

Ըստ GYLA-ի՝ դա հակասում է Վրաստանի «Դիվանագիտական ​​ծառայության մասին» օրենքին։ Դա պայմանավորված է նրանով, որ «Դիվանագիտական ​​ծառայության մասին» օրենքը նշված պաշտոններում աշխատողներին չի համարում վարչական պայմանագրով աշխատող։

Բոճորիշվիլիի հրամանի արդյունքում՝ նախարարի լիազորությունների դադարեցման դեպքում ավտոմատ կերպով կլուծարվեն նաև վերոնշյալ պաշտոններում նշանակված բոլոր անձանց պայմանագրերը։

GYLA-ն ընդգծում է՝ սա քաղաքական դրդապատճառներով պաշտոնանկ անելու ուղղակի մեխանիզմ է, նշում են. «Փոփոխությունները ապօրինաբար նվազեցնում են դիվանագիտական ​​ծառայությունում զբաղվածների անկախությունը և հանրային ծառայությունն օգտագործում քաղաքական նպատակներով»:

Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ դիվանագիտական ​​ծառայության կանոններում կատարված փոփոխությունները «հանրային ծառայողների դեմ ուղղված բռնաճնշումների հստակ շարունակությունն են»։

Ի դեպ, 2024 թվականի վերջին՝ «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի ստորագրությունից հետո, ուժի մեջ են մտել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում խորհրդարանի ընդունած վիճահարույց փոփոխությունները։ Այս փոփոխությունները, իրավապաշտպանների կարծիքով, հեշտացրել են աշխատակիցներին քաղաքական հողի վրա աշխատանքից ազատելը: Դրանից առաջ և հետո մի շարք գործիչներ, ովքեր հրապարակայնորեն քննադատում էին «Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական ​​դիրքորոշումները և աջակցում էին եվրոպամետ ցույցերին, հեռացվեցին պետական ​​ծառայությունից։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն Բոճորիշվիլիի կատարած փոփոխությունը գնահատում է հենց այդ համատեքստում: