ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը կոչ է արել ազատ արձակել Ամաղլոբելիին

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։

Հայտարարությունը նա տարածել է X սոցիալական հարթակում։

«Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին, նրա առողջական վիճակը խիստ մտահոգիչ է։ Ես կրկնում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է անվերապահորեն ազատ արձակի բոլոր այն լրագրողներին, որոնք ապօրինի ձերբակալված կամ կալանավորված են»,- ասված է գրառման մեջ։

Նրա խոսքով` ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի հարձակումների փաստերը պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

Հիշեցնենք, որ Մզիա Ամաղլոբելին արդեն 19-րդ օրն է բանտում հացադուլ է անում՝ ի նշան բողոքի։

Հիշեցնենք. Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։