Նոր զեկույց՝ Վրաստանում ժողովրդավարական հետընթացի մասին

«2024 թվականին բողոքի բազմաթիվ ակցիաներ նշանավորվեցին հավաքների ազատության անօրինական սահմանափակումներով, հատուկ միջոցների կիրառմամբ, խաղաղ ցուցարարների ազատազրկմամբ ու նրանց նկատմամբ բռնություններով»,- ասված է 2024 թվականին Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի շուրջ  Human Rights Centre-ի զեկույցում։

Զեկույցում ընդգծվել են կարևոր իրավական և քաղաքական հարցեր, որոնք ազդել են երկրում մարդու իրավունքների իրավիճակի վրա: Նշվում է՝ զեկույցը մասնավորապես կենտրոնացել է 2024 թվականին երկրի ժողովրդավարական անկման վրա` խորհրդարանական ընտրություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ հետապնդումներ և այլն։

Փաստաթղթում քննարկվում է նաև  մեդիա միջավայրը, նշվում է, որ 2024 թվականին լրատվամիջոցների  ներկայացուցիչների իրավունքները զգալիորեն վատթարացել են։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ վրացական մեդիա միջավայրը բնութագրվում է սպառնալիքների, ահաբեկման, բռնության համատարած միջադեպերով։ Հարձակումները սովորաբար ուղղված են եղել անկախ և քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ, նաև լուրջ մարտահրավեր է դարձել ամենօրյա ապատեղեկատվությունը»,- ասվում է զեկույցում։