Աբխազ «ընդդիմադիրները» զրկվել են ՌԴ քաղաքացիությունից

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո ընդդիմադիր քաղաքական գործիչներ Լեուան Միքաան և Կան Կվարչիան, որոնց Ռուսաստանը զրկել է քաղաքացիությունից, ասուլիս են հրավիրել։ Ըստ ընդդիմադիրների՝ իրենք քաղաքացիությունից զրկվելու մասին պաշտոնական ծանուցում չեն ստացել և կարծում են, որ չեն խախտել Ռուսաստանի Դաշնության օրենքները և «ոչ մի գործողություն չեն կատարել Ռուսաստանի դեմ»:

«Մենք միշտ գործել ենք հանուն մեր հայրենիքի շահերի, ոչ թե` ի վնաս Ռուսաստանի Դաշնության», — ասել է Միքաան:

Կվարչիան հավելել է. «Մենք ամբողջ կյանքում զբաղվել ենք քաղաքականությամբ, որպեսզի օգուտ բերենք մեր հայրենիքին, դա միշտ ռիսկ է, և մենք միշտ պատրաստ ենք եղել ռիսկի: Նրանք (Ռուսաստանում- հեղ.) ցանկանում են կոտրել մեզ և ստիպել մեզ համար անընդունելի որոշումներ կայացնել»:

Աբխազ ընդդիմադիրները կարծում են, որ «իշխանությունը ոչինչ չի անում, նույնիսկ պարզաբանելու համար, թե ինչի համար են իրենց զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից», նրանք համոզված են, որ դա արվում է նախկին «նախագահ» Ասլան Բժանիայի ցուցումով:

«Ես պատգամավոր եմ, սա ապտակ է Աբխազիա պետությանը», — ասել է Կվարչիան։

Նախկինում սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ Կվարչիայից և Միքաայից բացի, Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվել է նաև նախկին «պատգամավոր» և «թուրքաաբխազական սփյուռքի» ներկայացուցիչ Թաիփուն Արձինբան:

Փորձագետները կարծում են՝ քաղաքացիությունից զրկելը Կրեմլի ճնշման նոր գործիք է օկուպացված Աբխազիայում և Հարավային Օսիայի (Ցխինվալիի) շրջաններում: