ԵՄ դեսպանին ցնցել է Ամաղլոբելիի ձերբակալությունը

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ցնցված է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությամբ. մինչդեռ ոչ ոք չի պատժվել լրատվամիջոցների, քաղաքական գործիչների և բողոքի ցույցի մասնակիցների վրա հարձակումների համար:

«Մենք բոլորս տեսանք դաժան ծեծի տեսարաններ. դիմակավորված տղամարդիկ կանանց ծեծի ենթարկեցին, և ոչ ոքի մեղադրանք չառաջադրվեց: Սա աննախադեպ է», — հունվարի 28-ին լրագրողներին ասել է Հերչինսկին։

Անդրադառնալով «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հեռանկարին, ասել է. «Ուստի անդամ երկրների հետ պատժամիջոցների շուրջ քննարկումները կշարունակվեն»:

Ամաղլոբելին արդեն 17-րդ օրն է, ինչ հացադուլ է անում և հրաժարվում է դադարեցնել հացադուլը: Ամաղլոբելիի ընկերներն ու գործընկերներն ասել են՝ նա ունի մի շարք խրոնիկական հիվանդություններ:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում: Ավելի քան 300 լրագրողներ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին պահանջում են նրան ազատ արձակել։

Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։ «Ոստիկանի վրա հարձակվելու» համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։