Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին։
Ուղերձում մասնավորապես ասված է․ «Ջերմորեն շնորհավորում եմ ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Այս ընտրությամբ Ֆրանսիայի ժողովուրդը հաստատեց Ձեր հանդեպ ունեցած հատուկ վստահությունը: Սա ուժեղ Ֆրանսիա և ուժեղ Եվրոպա ունենալու ընտրությունն է, որը շատ կարեւոր է մեր ընդհանուր եվրոպական ընտանիքի ապագայի համար: Ժամանակակից դժվարություններով եւ մարտահրավերներով լի աշխարհում հենց Ֆրանսիան է ներկայացնում ժողովրդավարության խորհրդանշաններից մեկը: Համոզված եմ, որ Դուք էլ ավելի կուժեղացնենք այս կարեւոր առաքելությունը»:
Մարգվելաշվիլին ընդգծել է նաև վրաց-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը՝ նշելով․ «Մեր ժողովուրդների միջև առկա են պատմական-մշակութային ամուր կապեր, որը ապահովել է մեր երկրների համագործակցությունը՝ միավորելով նաև մեր ռազմական ստորաբաժանումները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում»։
Վրաստանի ու Ֆրանսիայի միջև այս տարի լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Նախագահ Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նոր նախագահի իշխանության օրոք երկստեք հարբերությունները որակապես նոր փուլ կթևակոխեն։
Հիշեցնենք՝ կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում նախագահ է ընտրվել եվրոպամետ, կենտրոնամետ Էմանուել Մակրոնը։ Նա ստանալով քվեների 66%-ը, առաջ է անցել ազգայնական Մարի Լե Պենից: