ՄԱՇ ակտիվիստները տուգանվել են «վիրավորական գրառման» համար 

Զուգդիդիի շրջանային դատարանն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ)  կուսակցության կողմնակիցներ Լևան Գոգիային և Դավիթ Կոլբաիային տուգանել է 1000-ական լարիով՝ Facebook-ում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին վիրավորական գրառում անելու համար։

Մասնավորապես, դատարանը ՄԱՇ-ի կողմնակիցներին, որոնք նախկին ոստիկաններ են, իրավախատ ճանաչեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով նախատեսված կետով, որը վերաբերում է մանր խուլիգանությանը, հասարակական վայրերում հայհոյանքներին և այլ արարքներին, որոնք խախտում են հասարակական կարգը և քաղաքացիների անդորրը։

Հոդվածը նախատեսում է տուգանք 500-1000 լարիի չափով կամ վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով։

Խոսքն օրեր առաջ Դավիթ Կոլբաիայի ֆեյսբուքյան էջում պարեկային ոստիկանապետ Վաժա Սիրաձեի ընտանիքի հասցեին հրապարակված վիրավորական գրառման մասին է, որի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություն է արել նաև Լևան Գոգիան: Նրանք իրենց մեղավոր չեն համարում:

Ըստ ՆԳՆ փաստաբան Մարիամ Կերեսելիձեի, իրենք դատարանին ապացույցներ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ սոցիալական ցանցերի էջերը, որոնցում տեղադրվել են վիճելի գրառումները, պատկանում են Գոգիային և Կոլբաիային, ինչը դատավորը հաշվի է առել։