Ֆիցոն «պետական ​​հեղաշրջման» սպառնալիքի համատեքստում հիշատակել է Թբիլիսին

Սլովակիայի պոպուլիստ սոցիալիստ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել երկրում «պետական ​​հեղաշրջման» սպառնալիքի պատճառով. այս համատեքստում հիշել է Վրաստանն ու Ուկրաինան։ Ըստ գերմանական DW հեռուստաընկերության, նիստը նախատեսվում է անցկացնել այսօր՝ հունվարի 23-ին։

Ֆիցոյի խոսքով՝ «պետական ​​հեղաշրջման» վտանգի մասին զգուշացրել են հատուկ ծառայությունները։ Սլովակիայի վարչապետը պնդում է, որ կա օրինական իշխանությունը տապալելու ծրագիր, որը ներառում է փողոցային բողոքի ցույցեր և վարչական շենքերի գրոհ՝ այլ երկրներում փորձարկված մոդելի համաձայն։

Առանց որևէ մանրամասն կամ ապացույց ներկայացնելու՝ Ֆիցոն հրապարակավ հայտարարել է, թե Սլովակիայում գործում է տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող փորձագետների խումբ, որը մասնակցել է Վրաստանում և Ուկրաինայում (Մայդան) նմանատիպ գործընթացներին։

Հունվարի 22-ին ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա», «Ազատություն և համերաշխություն» և «Քրիստոնեա-դեմոկրատական ​​շարժում» կուսակցությունները կրկին դիմել են խորհրդարանին՝ Ֆիցոյի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով։ Քվեարկությունը պետք է անցկացվի յոթ օրվա ընթացքում։ Սլովակիայի 150 հոգանոց խորհրդարանում երեք ընդդիմադիր կուսակցություններ ունեն 55 պատգամավոր։

Վարչապետ Ֆիցոյին անվստահություն հայտնելու հարցը պետք է քննարկվեր հունվարի 21-ի խորհրդարանի նիստում, սակայն ընդդիմությունը հետ վերցրեց միջնորդությունը և ի նշան բողոքի լքեց նիստն այն բանից հետո, երբ խոսնակը բավարարեց Ֆիցոյի դիմումը և որոշեց նիստն անցկացնել փակ դռների հետևում։

Ընդդիմությունը վարչապետ Ֆիցոյին մեղադրում է հակաարևմտյան արտաքին քաղաքականության համար, որը հանգեցրել է Սլովակիայի մեկուսացմանը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու համար` պնդելով, որ թույլ չի տա երկրի թեքումը դեպի արևելք:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ հաճախ է քննադատում Արևմուտքին Ռուսաստանի նկատմամբ նրա վարած քաղաքականության  և Ուկրաինային աջակցության համար:

Ֆիցոն և Օրբանն աջակցում են «Վրացական երազանք»-ին և նրա քաղաքականությանը, որը վերջերս ավելի ու ավելի է մեկուսացվել Արևմուտքի կողմից: