Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարետ Ուորդը նշել է, որ իրենք արդեն հստակ ասել են` կդադարեցնեն Վրաստանի կառավարությանն աջակցող ֆինանսավորման ծրագրերը, կսահմանափակեն պաշտպանական և քաղաքական շփումներն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում չի դադարել ժողովրդավարական հետընթացը։
Նրա խոսքով` սա այն դիրքորոշումն է, որը Միացյալ Թագավորությունը հայտարարել է դեկտեմբերին և պահպանում է մինչ օրս։
«Կան որոշակի ծրագրեր, որոնք այլևս չենք ֆինանսավորում։ Սա այն միջոցն է, որը ձեռնարկել ենք, քանի դեռ չենք տեսել Վրաստանում ժողովրդավարական միջավայրի բարելավում, և երբ այդ բարելավումը տեղի ունենա, հնարավոր կլինի կրկին ներգրավվել այդ ծրագրերում»,- ասել է դեսպանը։
Ըստ նրա` Միացյալ Թագավորությունը նաև շարունակում է ֆինանսավորել քաղաքացիական հասարակությանը Վրաստանում, քանի որ կարծում է` քաղաքացիական հասարակությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության կարևոր մասն է:
Դեսպանի ընդգծմամբ` Միացյալ Թագավորությունը ցանկանում է, որ վրացական տնտեսությունը հաջողություն ունենա։