Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Քվեմո Նիքոզի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Ալեքսի Մամուլիան և Իվանե Ջափիաշվիլին ազատ են արձակվել և գտնվում են Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում, տեղեկացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):
Մինչ այդ օկուպացված Ցխինվալիի շրջանի «Անվտանգության կոմիտեն» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «վրացական կողմին են հանձնել երկու սահմանախախտի»: Ըստ նրանց՝ Մամուլիան և Ջափիաշվիլին ձերբակալվել են 2024 թվականին «պետական սահմանը խախտելու մեղադրանքով»։
Դեկտեմբերի վերջին դե ֆակտո կառավարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե «Վրաստանի քաղաքացիները Ուկրաինայի պատերազմում ռուսական կողմից կռվող Վլադիմիր Մամարդաշվիլիին փորձել են օգնել հատել սահմանը»։
Վրաստանի ՊԱԾ-ը երկու քաղաքացու ձերբակալության մասին տեղեկությունը տարածել էր դեկտեմբերի 26-ին: ՊԱԾ-ը չի մեկնաբանել դե ֆակտո «Անվտանգության կոմիտե»-ի վերոնշյալ տեղեկությունը, միայն հայտնել է, որ «թեժ գծի» միջոցով բանակցություններ են ընթանում ձերբակալվածներին ազատ արձակելու համար։
Ներկայումս Ցխինվալիի բանտում գտնվում է Վրաստանի վեց քաղաքացի։