Հարձակման պատվիրատուն Իվանիշվիլին է. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարել է՝ իր վրա հարձակումը պատվիրել է Բիձինա Իվանիշվիլին:

Գախարիան ասել է՝ իրեն չեն հետաքրքրում կատարողները, քանի որ գործ ունի «հարձակման և քաղաքացիների նկատմամբ բռնության պատվիրատուի հետ»։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հայտարարել՝ հունվարի 22-ից վերադառնում է սովորական աշխատանքային առօրյային:

«Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա դա նախօրոք կազմակերպված, դարանակալած քաղաքական հաշվեհարդար էր։ Հարձակման պատվիրատուն Բիձինա Իվանիշվիլին է։ Իվանիշվիլին երկար ժամանակ սպառնում է ինձ և իմ ընտանիքին տարբեր ձևերով, այդ թվում՝ հրապարակային։ Ինձ չեն հետաքրքրում այս հարձակման կատարողները: Ես գործ ունեմ ինձ վրա հարձակման և քաղաքացիների նկատմամբ բռնության պատվիրատուի հետ:

Ինչ վերաբերում է հետաքննությանը, մենք նրանց հնարավորություն ենք տալիս փրկելու իրենց դեմքը և չդառնալու բռնի հանցագործությունների մեղսակից», — հունվարի 22-ին գրել է Գախարիան։

Նշենք, որ դատախազությունն առգրավել է Գախարիայի վրա հարձակման ձայնագրությունները:

Հունվարի 22-ին Գախարիան հարցաքննության էր կանչվել դատախազություն: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում