Երեկվա օրը համառոտ. հունվարի 22

Եվրախորհրդարանում հունվարի 21-ին Վրաստանի վերաբերյալ բանավեճից հետո վրացի փորձագիտական շրջանակներն ասում են՝ պատժամիջոցներ կլինեն «Վրացական երազանք»-ի հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի դեմ:

Վրաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության հռչակագիրը «հակասահմանադրական է», քանի որ 2023 թվականին` նախքան ստորագրումը, որևէ մեկը երկրում չի տեսել հռչակագրի տեքստը, այդ թվում՝ խորհրդարանը, հայտարարել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլիի խոսքով, «Նեթգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին չեն կարող վախեցնել. նա շատ ուժեղ է։

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո Գերագույն դատարանը Կախա Մուրադովին, որ ձերբակալվել էր 2024 թվականի գարնանը «Վրաստանի օգտին լրտեսության» մեղադրանքով, մեղավոր է ճանաչել «պետական ​​դավաճանության» և ապօրինի զենք պահելու մեջ։ Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոնի (ECPMF) գործադիր խորհրդի փոխնախագահ, նախկին պատգամավոր Ռեբեկա Հարմսը  «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կալանավորումը գնահատում է որպես «քաղաքական դրդապատճառներով ձեռբակալություն:

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնած «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարում է` կուսակցության նախագահի վրա հարձակումից հետո «Շերատոն Բաթումի» հյուրանոցը հրաժարվում է տրամադրել տեսախցիկների ձայնագրությունները։

Վրաստանյան եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված երկու երիտասարդ հացադուլ են սկսել՝ ի համերաշխություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների բանտարկված հացադուլ անող հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի:

2025 թվականի առաջին ամսվա՝ հունվարի աշխատավարձը Վրաստանի հանրակրթական հաստատություններին կփոխանցվի հունվարի 26-27-ին:

Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի 100 տարին լրացած բնակիչների միանվագ օգնությունը կհասցնի 10 հազար լարիի (3 հազար 500 դոլար):

«Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն վստահ է՝ որպես ԱՄՆ քաղաքացի Միացյալ նահանագների պատժամիջոցներն իրեն չեն սպառնում։