Վրաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության հռչակագիրը «հակասահմանադրական է», քանի որ 2023 թվականին` նախքան ստորագրումը, որևէ մեկը երկրում չի տեսել հռչակագրի տեքստը, այդ թվում՝ խորհրդարանը, հայտարարել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլիի խոսքով, «այն (հռչակագրի տեքստը — հեղ.) ուղղակիորեն Չինաստան է բերել այն ժամանակվա վարչապետը (այն ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին էր — հեղ.), և ոչ ոք դա չի տեսել մինչ ստորագրելը»։
«Ես վստահ չեմ, որ գոնե վարչապետը (Ղարիբաշվիլին էր-հեղ.) տեսել է դա», — հունվարի 21-ին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած Fire Side Chat քննարկմանը ասել է Զուրաբիշվիլին:
Բացի այդ, Զուրաբիշվիլին հերթական անգամ քննադատել է Չինաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության հռչակագիրը՝ կապված Վրաստանի միակողմանի ստանձնած պարտավորությունների հետ և հայտարարել.
«Գործընկերության տեքստում կա կետ, ըստ որի՝ Վրաստանը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, մինչդեռ Չինաստանը ճանաչում է աշխարհի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքը, բայց ոչ կոնկրետ Վրաստանի տարածքային ամբողջականությունը»:
Ըստ 5-րդ նախագահի՝ «սա շատ հստակ ազդանշան է, թե ինչպես է Չինաստանն օգտագործում «Վրացական երազանք»-ի կառավարության թույլ կողմերը»:
Զուրաբիշվիլին, որ ընդդիմության և հասարակության մի զգալի մասի հետ չի ճանաչում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանք»-ի կառավարության լեգիտիմությունը, Վաշինգտոնում էր՝ ԱՄՆ նոր, 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը. հանդիպումներ է անցկացրել վերլուծական կենտրոնների և քաղաքական գործիչների հետ։
Վրաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են հրապարակել 2023 թվականի հուլիսին։ Որոշ վերլուծաբաններ փաստը գնահատեցին որպես Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխություն։
Այդ ժամանակից ի վեր Վրաստան-Չինաստան քաղաքական կապերը խորացել են, մինչդեռ ԱՄՆ-Վրաստան կապերը հետընթաց են ապրել։
Չինաստանի համար Վրաստանն ընդամենը «լիցքավորման» ճանապարհ է. վերլուծաբաններ