Եվրախորհրդարանը քննարկել է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը

Եվրախորհրդարանը երեկ՝ հունվարի 21-ին, քննարկել է «Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման» հարցը։

Ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մարգուս Բրուները ներկայացրել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Վրաստանի ժողովրդավարական հետընթացը տագնապալի է։

«Արդեն ավելի քան 50 օր է ողջ երկրում վրացիները փողոց են դուրս գալիս աննախադեպ բողոքի ցույցերով՝ որպես եվրոպական ընտանիքի մաս պայքարելով սեփական երկրի ժողովրդավարական ապագայի համար։ Նրանց դեմ կիրառվում են դաժան ռեպրեսիաներ, ահաբեկումներ և ձերբակալություններ», — ասել է Բրուները:

Բրունների խոսքով, իշխող «Վրացական երազանք»-ն օրենսդրական փոփոխություններ է իրականացրել՝ սահմանափակելով քաղաքացու հիմնարար իրավունքները։

Բացի այդ, Եվրահանձնակատարը կոչ է արել «Վրացական երազանք»-ին երկխոսել քաղաքական ուժերի ու հասարակության հետ՝ դիտարկելով նոր ընտրությունների հնարավորությունը։

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն էլ կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և Վրաստանում բողոքի ցույցերը բռնի ճնշելու համար պատասխանատու անձանց նկատմամբ:

«Ես կոչ եմ անում ԵՄ առաջնորդներին, անդամ երկրներին և միջազգային կազմակերպություններին զերծ մնալ «Վրացական երազանք»-ի ինքնահռչակ կառավարությունը լեգիտիմացնելուց»,-ընդգծել է լիտվացի պատգամավորը։

ԵԺԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ լեհ Միհալ Շչերբան շեշտել է, որ Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացումը պահանջում է Եվրամիության հրատապ ուշադրությունը։

«Վերջին ընտրությունները կեղծվեցին, և այսօր միակ լեգիտիմ ներկայացուցիչը նախագահ Զուրաբիշվիլին է. այս պահին միայն գործնական քայլեր են մեզ անհրաժեշտ: Իվանիշվիլիի և «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանել, այդ թվում՝ ակտիվների սառեցում»,-ասել է Շչերբան։

Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Միհալ Վավրիկևիչը իր ելույթում ընթերցել է ազատազրկված լրագրող Մզիա Ամաղլոբելիի նամակից մի հատված` «Ես չեմ պատրաստվում ընդունել ռեժիմի օրակարգը։ Հացադուլ եմ հայտարարում․ ազատությունն ավելի արժեքավոր է, քան կյանքը»։

«Վրացական երազանք»-ի դիրքերը պաշտպանել են «Վրացական երազանք»-ի համախոհ խմբերի պատգամավորները։

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Թիերի Մարիանին ասել է, որ վրաց ժողովուրդն ընտրություն է կատարել, և ԵԱՀԿ-ն հաստատել է այն։

Ձախ կուսակցության անդամ Դանիլո Դելլա Վալեն ասել է, որ Վրաստանում կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ընդունված վերջին օրենքները, սակայն դա չի արդարացնում «ընտրությունների արդյունքը փոխելու եվրոպական էլիտայի կամքը»։

Նշենք, որ փետրվարին Եվրախորհրդարանը նախատեսում է բանաձև ընդունել Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։