Չանախչի գյուղում ջրատարի վերականգնման աշխատանքներ են ընթանում

Մառնեուլիի շրջանի Չանախչի գյուղի բնակիչները շուրջ մեկ ամիս է խմելու ջուր չունեն։

Մառնեուլիի սակրեբուլոյում (ավագանի) Չանախչի գյուղը ներկայացնող պատգամավոր Արսեն Հախվերդյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր գյուղ են ժամանել շինարարները, խմելու ջրատարի վերականգնման աշխատանքներն արդեն սկսված են։

«Շինարարը եկել է, ստուգելուց հետո պարզվել է, որ խնդիրը էլեկտրականության հետ է կապված։ Էլեկտրագործն էլ բացահայտել է՝ շարժիչն ու ջրի պոմպն են վառվել։ Այս պահին էլ գյուղում աշխատանքներ են տարվում, ամեն ինչ արվում է անսարք տեխնիկան նորով փոխարինելու համար»,-ասում է Հախվերդյանը։

Պատգամավորն ընդգծում է, սակայն, համայնքն ընդհանրապես առանց ջրի չի մնացել, գյուղում ջրից օգտվելու այլընտրանքային տարբերակներ կան։

«Լավ է, որ այլընտրանքային տարբերակ կա ջուր ստանալու. գյուղում մի քանի տեղ կա, որտեղից այս ընթացքում գյուղացիները ջուր են վերցնում։ Նման խնդիր նախկինում էլ է եղել։ Մոտակա հայաբնակ մյուս գյուղերում ևս, սակայն, երբ տեխնիկայի խափանումը մեր մեղքով է՝ հաշված օրերի ընթացքում աշխատել ենք վերականգնել, երկար չի տևել»,-ասում է Հախվերդյանը։

Գյուղի բնակիչների խոսքով, այս ընթացքում շատ դժվար է եղել առհասարակ որևէ աշխատանք կատարել, ինչը կապված է ջրի հետ.

«Մեզ ասացին, որ տոներից հետո պետք է գան՝ պարզելու պատճառը, բայց մենք մինչ օրս այլընտրանքային տարբերակից ենք օգտվում։ Գյուղի կենտրոնում ջուր ունենք, բերում ենք, բայց շատ դժվար է։ Չենք կարողանում անել այն ամենը, ինչը կապված է ջրի հետ»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմում է Չանախչի գյուղի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ։

 

«Երեկ մասնագետներ եկան, ստուգեցին` պարզվեց ավտոմատը, որը կապված է հոսանքի հետ, շարքից դուրս է եկել։ Երեկ աշխատանքներ էին ընթանում՝ պարզելու, թե ինչն է խնդիրը։ Ադրեն պարզ է՝ ջրի խորքային պոմպը և շարժիչն են անսարք»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում հաստատում է նաև Մառնեուլիի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գիգոլ Աթաբեկյանը։

Աթաբեկյանի խոսքով` անսարք տեխնիկան այսօր հանել են, իսկ երկու օրից մասնագետներ կժամանեն գյուղ՝ նորը տեղադրելու նպատակով։ Գյուղում հույս ունեն այդպիսով վերջնականապես կլուծվի խնդիրը։

Չանախչիի ներկայացուցիչները փաստում են, որ ջրատարի հիշյալ սարքավորումը, որի երաշխիքը դեռ ուժի մեջ է, ընդամենը մեկ տարի է, ինչ շահագործվում է։